
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը, ըստ էության, հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Հունգարիան խոչընդոտում է Խաղաղության հիմնադրամից Հայաստանին միջոցների տրամադրմանը։
Հունիսի 30-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ են Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին լրացուցիչ միջոցների տրամադրման վրա վետո դնելու մասին հաղորդագրությունները, Կալասը բացատրել է, որ ԵՄ-ը բաղկացած է 27 ինքնիշխան երկրներից, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը, և որոշումները կայացվում են կոնսենսուսով։
«Դա գործընթաց է։ Փորձում ենք լուծում գտնել։ Այո, չենք հասել դեռ որոշման, դա այդպես է, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ՝ լուծում գտնելու»,- լավատեսորեն հավաստիացրել է Կալասը։