Հունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ...

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 26-ին, հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա-կորպորացիան՝ հղում կատարելով Բրյուսելի աղբյուրներին։ Հունգարիայի ստորագրության բացակայության պատճառով ԵՄ-ը չի կարողացել հրապարակել 27 անդամների համատեղ հայտարարությունը։ Փոխարենը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը եւ Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հրապարակել են իրենց հայտարարությունը։ Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվել է, որ հունվարի 26-ի ընտրությունները «ազատ եւ արդար» չեն եղել, եւ բելառուս ժողովուրդը «արժանի է իրական ձայնի այն հարցում, թե ով է կառավարելու իր երկիրը»։ «Բելառուսում մարդու իրավունքների անխնա ճնշումը, քաղաքական մասնակցության եւ անկախ լրատվամիջոցների հասանելիության սահմանափակումները զրկել են ընտրական գործընթացը ցանկացած լեգիտիմությունից»,- նշել են Կալասը եւ Կոսը: Նրանք ընդգծել են, որ Բրյուսելը կշարունակի սահմանափակումներ կիրառել բելառուսական ռեժիմի նկատմամբ՝ «միաժամանակ ֆինանսական աջակցություն տրամադրելով քաղաքացիական հասարակությանը, բելառուսական աքսորում գտնվող ժողովրդավարական ուժերին եւ բելառուսական մշակույթին»։