Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը բացատրություն է խնդրել Ֆրանսիայի դեսպան Լոուրենս Աուերից՝ կապված Թուրքիային Meteor հրթիռների հնարավոր վաճառքի հետ։ Այս մասին Դենդիասը հայտնել է X-ում։
Դենդիասը գրել է, որ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին եւ արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսին տեղեկացնելուց հետո արտգործնախարարությունում հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Լոուրենս Աուերի հետ, որից պաշտոնական տեղեկատվություն է խնդրել կոնսորցիումի կողմից Թուրքիային Meteor հրթիռների վաճառքի վերաբերյալ։
Աթենքում Ֆրանսիայի դեսպանից ստացված տեղեկություններից հետո Դենդիասը հայտնել է Հունաստանի «խիստ անհամաձայնությունը Թուրքիային Meteor հրթիռների առաջիկա վաճառքին»։ «Ֆրանսիայի դեսպանին հայտնեցի, որ Հունաստանը խիստ դեմ է սրան, ինչը չի համապատասխանում երկու երկրների հիանալի ռազմավարական հարաբերություններին»,- ասել է նախարարը։
Իր հերթին, Միցոտակիսը հունական Alpha հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ տեղեկություն չունի Ֆրանսիայից Թուրքիային հրթիռների վաճառքի հնարավոր հավանության մասին։ «Մեզ չեն ասել՝ արդյոք Ֆրանսիան նման որոշում է կայացրել»,- ասել է նա։ Միցոտակիսը, մեկնաբանելով Դենդիասի եւ Ֆրանսիայի դեսպանի հանդիպումը, կարծիք է հայտնել, որ պաշտպանության նախարարության ղեկավարը, հնարավոր է, այն անցկացրել է «որպես կասեցնող միջոց»։ «Երեւի հետաքրքրություն կա Թուրքիայի կողմից։ Ես նման որոշման մասին տեղեկացված չեմ եղել։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա թեման։ Երբեմն կանխարգելումն ավելի լավ է, քան բուժումը»,- ընդգծել է վարչապետը։
Ավելի վաղ թուրքական Milliyet թերթը գրել էր, որ «Թուրքիան ցանկանում է գնել Meteor-ներ՝ Աթենքի հետ հավասարակշռությունը վերականգնելու համար»։ Պարբերականը նշել է, որ Հունաստանն ունի Meteor հրթիռներ՝ 200 կիլոմետր հեռահարությամբ, իսկ Թուրքիան՝ 70