Հունաստանի խորհրդարանականները չեն կարողացել պետության նախագահ ընտրել լիագումար նիստում կայացած քվեարկության երրորդ փուլում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, որը հետևել է հեռարձակման ընթացքին։
Հունվարի 25-ին և 31-ին կայացած քվեարկության առաջին և երկրորդ փուլերը նույնպես արդյունք չեն տվել: Այդ փուլերում հաղթելու համար պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուն պետք է 300 անդամից բաղկացած միապալատ խորհրդարանում ստանար 200 ձայն։ Նախագահի պաշտոնի չորս թեկնածուներից ոչ մեկին դա չի հաջողվել:
Հունաստանի գործող նախագահ Կատերինա Սակելարոպուլուի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանում է մարտի 13-ին։ Մինչ այդ պետք է ընտրվի Հունաստանի նոր նախագահ։ Պետության ղեկավարին ընտրում են խորհրդարանի անդամները՝ բաց քվեարկությամբ։ Հունաստանում նախագահի պաշտոնը մեծ մասամբ արարողակարգային է։
Պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է չորս թեկնածու, սակայն Սահմանադրությամբ նախատեսված քվեարկության հինգ փուլերի ընթացքում հաղթելու իրական շանսեր ունի միայն մեկը՝ խորհրդարանի նախկին նախագահ Կոստաս (Կոնստանտինոս) Տասուլասը, որի թեկնածությունն առաջադրել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Առաջին և երկրորդ փուլերում պետության ղեկավարի ընտրության համար պահանջվում է 200 ձայն, երրորդում՝ 180, չորրորդում՝ 151, իսկ հինգերորդում՝ բոլոր ներկա պատգամավորների ձայների պարզ մեծամասնությունը։
Քվեարկության չորրորդ փուլը, ինչպես հայտարարվել է նիստում, կկայանա փետրվարի 12-ին: