Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․
«Երեկ փաստաբանության իմ ամենասիրելի պահերից ապրեցի:
Երեք օր ծնողներից խնամքով թաքցրել էի, որ 18-ամյա Տիգրանը հնարավոր է երկուշաբթի օրն ազատվի կալանքից: Բանն այն էր, որ երկար ու համառ պայքարիցս հետո եկել էր ժամանակը, որ դատախազը պիտի ուղղեր իր 1,5 ամիս տևող սխալը (հետևանքը՝ 1,5 ամիս կալանք) և Տիգրանի կողմից սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում կատարված գործողությունները դադարեր բռնության դրսևորումներ գնահատելը, քանի որ շիշ նետելը (այն էլ 1 հատ անհայտ ուղղությամբ) չի կարող բռնություն համարվել:
Ուրբաթ օրն արդեն տեղեկացա, որ երկուշաբթի օրը Տիգրանի մեղադրանքը պետք է փոխվի: Ես ակնկալում էի, որ ընդհանրապես կդադարեցվի քրեական հետապնդումը, սակայն դատախազը որոշեց շուտ չհանձնվել և խուլիգանության հոդվածը վերագրեց:
Այս ամենը, ինչպես արդեն ասեցի, ծնողներին չէի հայտնել, քանի որ չէի ուզում հույս արթնացնել, որը հնարավոր էր իրավական բեսպրեդելի պատճառով չիրականանար և կրկնակի ստրես ունենային նրանք:
Երկուշաբթի օրը, երբ ծանոթացա Տիգրանի մեղադրանքին, արդեն պարզ դարձավ, որ նա այլևս չի կարող կալանքի տակ մնալ: Սակայն այդ կարևոր հանգամանքը ոչ նախաքննության մարմինը և ոչ էլ դատախազությունը, փաստորեն, չէին նկատել:
Երկար մասնագիտական «կռիվներից» հետո վերջապես հսկող դատախազն իր որոշմամբ Տիգրանին ազատ արձակեց:
Իսկ իմ ամենասիրելի պահն այն էր, որ ես ու Տիգրանը մտանք իրենց տուն և անակնկալ մատուցեցինք ծնողներին (վայելեցի նրանց ուրախությունն ու հուզմունքը): Մինչ այդ պահը նրանք չգիտեին, որ իրենց 18-ամյա որդին ազատ է արձակվել: