
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բուժում է ստանում «բարդ կլինիկական իրավիճակի» համար և կմնա հիվանդանոցում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, հայտարարել է Վատիկանը։
88-ամյա Պապը ուրբաթ օրը տեղափոխվել է Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց՝ բրոնխիտի բուժման և հետազոտությունների համար։
Երկուշաբթի Վատիկանը հայտնել է, որ նրա շնչառական համակարգում հայտնաբերվել է «պոլիմիկրոբային վարակ», ինչի պատճառով անհրաժեշտ է դարձել բուժման փոփոխություն։
Նախքան հիվանդանոց տեղափոխվելը, Պապն արդեն մի քանի օր ունեցել է բրոնխիտի ախտանիշներ և իր խոսնակներին էր վստահել պատրաստված ելույթների ընթերցումը տարբեր միջոցառումներում։
Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին երկուշաբթի հայտնել է, որ Պապը բարձր տրամադրություն ունի։
Կարճ հաղորդագրությունում նշվել է. «Մինչ օրս իրականացված բոլոր հետազոտությունները վկայում են բարդ կլինիկական իրավիճակի մասին, որը պահանջում է համապատասխան հոսպիտալացում»։
Պապի ամենշաբաթյա ընդհանուր ունկնդրումը, որը սովորաբար անցկացվում է յուրաքանչյուր չորեքշաբթի, այս շաբաթ չեղարկվել է, հավելել է Վատիկանը։
Պապի առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրվեն ավելի ուշ, գրել է BBC-ն։