ՀՌՀ-ի վերահսկողության ներքո գործող լրատվամիջո...

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ և առանց իշխանությունների միջամտության։

Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։ 

Հակոբյանը ներկայացրեց այդպիսի եզրակացության հիմքերը։

«Յուրաքանչյուր տարվա ավարտին և նախորդ տարի նույնպես հանձնաժողովը գրավոր պաշտոնական հարցումներ է ուղարկում բոլոր լիցենզավորված հեռարձակողներին, բոլոր ցանցային օպերատորներին հետևյալ հարցադրումով․ արդյոք իշխանության տարբեր ճյուղերի կողմից եղել են խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքեր։ Եվ, ի պատասխան, էական նշանակության բողոքներ մենք չենք ստացել, որոնք  հանձնաժողովի միջամտության կարիքն ունեն։

Այս խնդրով տարբեր հրապարակումներում և հանրային ելույթներում ևս մենք էական շեղումներ չենք տեսել։

Տարատեսակ դիմումներ ստանում ենք, բայց այս խնդրի առնչությամբ բողոքներ ևս չեն եղել։

Եվ ամենակարևորը մենք ամենօրյա ռեժիմով, ոչ ֆորմալ եղանակով աշխատում ենք բոլոր հեռարձակողների հետ։ Բավականին մեծ թվով դժգոհություններ կան, սակայն դրանք վերաբերելի չեն հեռարձակողների վրա ճնշումներ գործադրելու խնդրի հետ»,- ասաց Հակոբյանը։