Այսօր Եղիշեն (կապիտան Եղիշե Հակոբյան, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը-խմբ ) ուզում է փրկվի, մենք չգիտենք, թե մինչեւ հրդեհը ինքն ինչ գործողություն է կատարել: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:
«Մենք մեր ծառայության ընթացքում չենք տեսել, որ հրամանատարը վառարան վառի, կամ եթե վառարանը վառվում էր, պատճառը ո՞րն էր վառարանը թեժացնելու, որովհետեւ 28 քմ տարածքում 21 հոգի ապրելու դեպքում վառարան վառելու կարիք չի զգացվում: Վառարանը եղել է միջանցքում, ննջասենյակի դուռը փակ է եղել, այսինքն զինվորները չէին մրսում, այդ դեպքում վառարանը վառելն ո՞ւմ էր պետք»,-ասաց նա:



