Հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գո...

ԵՄ գնահատման առաջին առաքելությունը կայցելի Հայաստան․ հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Առաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։

ԵՄ անդամ երկրների փորձագետների այցը միտված է VLAP-ի բոլոր չորս ուղղություններում՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող միայն առաջին փուլի (Phase 1) հենանիշների (benchmarks) կատարման առաջընթացի գնահատմանը։ Պատվիրակության այցի արդյունքում կձևավորվի Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը, որը նախատեսվում է հրապարակել 2026թ գարնանը։

Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝ կատարողականի վրա հիմնված․

նախնական հենանիշներ՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորման վերաբերյալ,

երկրորդ փուլի հենանիշներ՝ դրանց գործնական իրականացման և կիրառության վերաբերյալ։

ԵՄ հանձնաժողովը պարբերաբար կներկայացնի առաջընթացի հաշվետվություններ՝ հիմնվելով տեղում իրականացվող գնահատումների, անդամ պետությունների փորձագետների դիտարկումների և Հայաստանի կողմից տրամադրվող մանրամասն տեղեկությունների վրա։