Հրապարակային միջոցառումների լուսաբանման ժաման...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաները լուսաբանելու ընթացքում Analitik.am-ի լրագրողին և օպերատորին մոտեցել է մի քաղաքացի և ցույց տվել դանակ՝ սպառնալով և խանգարելով նրանց գործունեությանը: Լրագրողը տեղյակ է պահել ոստիկաններին, որ քաղաքացու մոտ դանակ կա, սակայն ոստիկանները ցուցաբերել են անգործություն, ոչինչ չեն արել՝ ասելով, որ եղածն ընդամենը «խոհանոցային» դանակ է: 

Կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը Politik.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին ասաց.«Ոստիկանության անգործության պայմաններում ունեմ լուրջ մտահոգություններ լրագողների անվտանգության մասով: Երբ լրագրողը մոտենում է ոստիկաններին, ասում, որ դանակով զինված քաղաքացի կա, ով խոչընդոտում է իրենց գործունեությանը, իսկ ոստիկաններն էլ դանակը հայտնաբերելուց հետո որևէ գործողություն չեն ձեռնարկում, ասում են՝ խոհանոցային դանակ է ընդամենը, սա նշանակում է, որ հրապարակային միջոցառումների լուսաբանման ժամանակ վտանգված է լրագրողների անվտանգությունը: Ոստիկանությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի կատարվածին իրավական գնահատական տալու և հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ, այլապես ի՞նչ է ստացվում, խմբագրությունը այսուհետ թիկնապահներո՞վ պետք է լրագրողներին ուղարկի հրապարակային միջոցառումներ լուսաբանելու» :