Politik.am-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։
-Պարոն Մանուկյան, Դուք եղել եք Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահը և դատական համակարգը գիտեք ներսից։ Այն պրոցեսները, որոնք սկսել են նոր իշխանությունները, ինչպե՞ս կգնահատեք։
-Ուշացած․․․ Ես դա կանեի շատ ավելի շուտ, համենայն դեպս, գործընթացը կսկսեի իշխանափոխությունից անմիջապես հետո։ Ցավոք սրտի, վերջին տասը տարիներին բարեփոխումները դատական ոլորտում գնացել են սխալ ուղղությամբ, ինչի արդյունքում ստացել ենք թերի սահմանադրական լուծումներ (շատ հաճախ կոնկրետ մարդկանց չափսերով կարված), դատական իշխանության ինքնակառավարման համակարգի դեգրադացիա, բարձրագույն դատական ատյանի՝ վճռաբեկ դատարանի դերի էական նվազում և այլն։ Արդյունքում, թեև արդարացիորեն պետք է նշել, որ կադրային բազան որակապես բարելավվել է, և համակարգ են ներմուծվել շատ գրագետ կադրեր, սակայն ստացել ենք «անգլուխ» և անկազմակերպ իշխանության ճյուղ, որը եղել է գործադիր իշխանության խնամակալության տակ։ Այդ էր պատճառը, որ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, որ գործադիր իշխանությունից և պետական պաշտոնյաներից որևէ մեկն այլևս չի միջամտելու դատական իշխանության գործերին և հրահանգներ չեն իջեցվելու, սկսվեց խուճապ, այնուհետև անորոշություն, այնուհետև՝ դիրքավորում։ Թե ինչպիսի դիրքավորում դատեք ինքներդ՝ վերլուծելով վերջին ամիսների զարգացումները։
-Դատավորները մտավախություն ունեն, որ վեթինգի իրական նպատակը նոր իշխանությունների քաղաքական գծի մեջ չգտնվող դատավորներից ազատվելն է։ Դուք ինչպիսի՞ տպավորություն ունեք։
-Իսկ դատավորներն երեկ կամ այսօր որևէ քաղաքական գծի մե՞ջ են եղել, որ հիմա էլ մտահոգ են որ այդ գիծը փոփոխվելու է։ Կամ որևէ գծի մե՞ջ պիտի լինի արդյոք դատավորն ընդհանրապես։ Անկեղծ ասեմ Ձեզ, հաշվի առնելով նաև իմ դատավոր աշխատած տարիների փորձառությունը․ շատ դժվար է ճնշել դատավորին, ով չի ուզում ճնշվել կամ արժանի հակահարված է տալիս միջամտություն անողին։ Այդ իսկ պատճառով, առաջին հարցադրումը հենց դատավորներին պետք է ուղղել․ իսկ դուք արել եք ամեն ինչ Ձեր արժանապատիվ կեցվածքը պահելու և Ձեր վրա դրված պատասխանատու առաքելությունը ազնվորեն կատարելու համար։ Անհատի դերը այստեղ, ինչպես ամենուր շատ մեծ է։ Իհարկե, ցանկացած իշխանություն կարող է գայթակղություն ունենալ դատական իշխանության վրա ազդեցություն ունենալու, սակայն այս իշխանությունը ինքնազսպման դրսևորումներ է ցուցադրում, հակառակ պարագայում իշխանափոխությունից հետո ինքնակամ չէր հրաժարվի այդ չբալանսավորված իշխանությունից՝ հրահանգներ իջեցնել դատարաններին, չկրելով դրա համար որևէ պատասխանատվություն։ Սակայն եթե հնարավոր վեթինգի, լյուստրացիայի կամ դատական բարեփոխումների ընթացքում նման «զեղումներ» կլինեն որոշ գործիչների մոտ, դրանք պիտի ստանան մասնագիտական հանրույթի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կտրուկ և խիստ գնահատականի։ Իրավիճակն այսօր այնպիսին է, որ նման «կամիկաձե» գործիչներ դժվար հայտնվեն։
-Պարոն Մանուկյա՛ն, Դուք եղել եք դատավոր և եթե շարունակեիք պաշտոնավարել դատական համակարգում կգնայի՞ք վեթինգի, կբացեի՞ք Ձեր ունեցվածքի, քաղաքական կապերի գաղտնիքը։
-Ես իմ ունեցվածքը հրապարակային եմ դարձրել վաղուց, հայտարարագրման համակարգի ներդրման առաջին իսկ տարուց սկսած գույքի և եկամուտների հայտարարագիր եմ ներկայացրել, և հավաստիացնում եմ Ձեզ՝ այդ հայտարարագրերը պարունակում են իմ ողջ գույքը։ Իսկ քաղաքական կապերի մասին կասեմ միայն, որ երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ, չեմ հարել մինչ օրս որևէ քաղաքական ուժի, թեև համակրանքներ ունեցել եմ և այժմ ունեմ։ Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջևում է և այդ մասին կխոսենք հաջորդիվ։
-Քաղաքական որոշ շրջանակներ համարում են, որ Ձեր կողմից ճիշտ չէ քննադատել նախկին համակարգը, քանի որ ինքներդ էլ այդ համակարգի մաս եք եղել՝ Դուք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք դեսպանի և նախարարի պաշտոն եք զբաղեցրել։ Երբ պետական պաշտոն էիք զբաղեցնում, խոսու՞մ էիք առկա այն խնդիրների մասին, որոնց մասին հիմա եք խոսում։ Եվ ինչու՞ չէիք խոսում հրապարակային ժամանակին։
- Ախր այդ «քաղաքական որոշ շրջանակները» ինձ հետ միասին եղել են նախկինում համակարգի մաս, և երբ ես համակարգի խնդիրների մասին (ոչ հրապարակային, իհարկե) բարձրաձայնել, անհամաձայնություն եմ հայտնել և պայքարել եմ իմ պատկերացմամբ սխալ երևույթների դեմ, իրենք միաձայն քվեարկողներից են եղել և ամեն ինչին համաձայնվողներից։ Հենց այդ էր պատճառներից մեկը, թե ինչու ես երկու բարձրագույն պետական պաշտոններում չպաշտոնավարեցի տասնամյակներով, իսկ այդ «քաղաքական որոշ շրջանակները» պաշտոնավարում էին մինչև նախորդ տարվա իշխանափոխությունը։ Իսկ ինչու շատ բաներ չեմ բարձրաձայնել, հանրային չեմ քննարկել, դա աշխատանքային և քաղաքական էթիկայի խնդիր է։ Հրապարակային անհամաձայնությունը կամ քաղաքական գծի քննադատությունը պետք է կատարվի միայն հրաժարական տալուց հետո, ինչը և ես արել եմ։
Զրուցեց՝ Բորիս Մուրազի
Լուսանկարը` Սպուտնիկ Արմենիայի



