«Հրապարակ»․ Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվու...

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեղադրանքներով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրեական գործին է միացվել նրա եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի նկատմամբ վարույթը։

Նախկին վարչապետի գործը քննող՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշել է եղբայրների գործերը քննել մեկ վարույթում՝ իր նախագահությամբ։ Հենրիկ Աբրահամյանի գործով մեղադրյալի աթոռին են նա ու որդին՝ Հովհաննեսը։ Վերջինս, ըստ մեղադրանքի, որպես «Մեծն Հովնան» ՍՊԸ-ի տնօրեն, խախտել է շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաեւ ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ եւ էական վնաս հասցրել շրջակա միջավայրին։ Բացի այդ, «օժանդակել է պաշտոնատար անձ Հովիկ Աբրահամյանին՝ ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը»։

Հենրիկ Աբրահամյանը, ըստ իրավապահների, երկու դրվագով օժանդակել է Հովիկ Արգամի Աբրահամյանին` «ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ օժանդակել է նրա կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն»։ Հակակոռուպցիոն դատարանից, ի պատասխան մեր հարցին, հաստատեցին տեղեկությունը, որ եղբայրների գործերը քննվում են մեկ վարույթով։