«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսին արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՏՄՊՊՀ-ում: Հանձնաժողովի աշխատակիցներից մեկը պատմեց, որ նիստի ժամանակ, որը վարել է Գեղամ Գեւորգյանը, վեճ է ծագել մեթոդաբանության եւ շուկաների վերահսկողության վարչության պետ Դավիթ Էլոյանի եւ մրցակցության վարչության աշխատակից Արսեն Պետրոսյանի միջեւ, ապա վերաճել է ձեռնամարտի: Էլոյանին չի կաշկանդել հանձնաժողովի նախագահի ներկայությունը, «վազել է իր աշխատասենյակ, դանակ բերել, որ հարձակվի Արսենի վրա», հետո Պետրոսյանին կանչել է միջանցք՝ «ռազբորկայի»։ Ահաբեկված աշխատակիցները փախել են իրենց սենյակներ:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՏՄՊՊՀ խոսնակ Անի Սմբատյանից: «Տեղեկացնում եմ, որ ՄՊՀ նիստի ժամանակ նման միջադեպ չի գրանցվել։ Ձեր կողմից նշված անձինք օգոստոսից չեն հանդիսանում ՄՊՀ աշխատակիցներ»։ Հարցին, թե երբ եւ ինչու են նրանք ազատվել, պատասխանեց. «Օգոստոսի 2-ին Արսեն Պետրոսյանն է ազատվել, իսկ Դավիթ Էլոյանը՝ օգոստոսի 10-ին: Ազատվել են իրենց դիմումի համաձայն»:
Միջադեպի 2 մասնակիցները գրեթե միաժամանակ են ազատվել, Էլոյանը նոր աշխատող էր, որին ընդունել էր Գեւորգյանը, իսկ Արսեն Պետրոսյանը ՏՄՊՊՀ համեմատաբար փորձառուներից էր՝ այս կառույցում աշխատանքի 10 տարվա փորձ ունի: Մեզ հետ զրույցում Արսեն Պետրոսյանն ասաց. «Ես արդեն մեկ տարի ունեի հեռանալու մտադրություն... դա ինչ-որ միջադեպի պատճառով չէր կարող լինել: Իմ պատճառներն այլ են եղել, իսկ թե դա համընկել է Էլոյանի գնալու հետ, թե չէ, կարեւոր չի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



