«Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թ...

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիա այցի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնք, սակայն, ստվերվեցին Հայաստանում տիրող նախընտրական աժիոտաժի մեջ։ Ընդամենը վերջերս Ադրբեջանին Հայաստանի խաղաղության երաշխավոր համարող Սիմոնյանը Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դժգոհել է Ադրբեջանից՝ ընդգծել, որ, փաստորեն, մեր «երաշխավորը» տորպեդահարում է հայ-թուրքական հարաբերությունները, խոչընդոտում է սահմանի բացմանը, ասել է թե` Հայաստանը պահում է շրջափակման մեջ։

Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվում։ «Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետեւ հայտարարեցին, որ ԼՂ հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք․ դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց, միեւնույն է, գործընթացը չավարտվեց»,- ասել է Սիմոնյանը՝ ըստ էության խոստովանելով, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իրենց հաշվարկները սխալ են դուրս եկել, եւ զիջումների քաղաքականությունն իրեն չի արդարացնում, ճիշտ հակառակը` մեր թշնամիների ախորժակը գնալով բացվում է, երբ տեսնում են, թե ինչ կակղամորթ իշխանություն է ղեկավարում Հայաստանը։ Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի դերակատարմանը հարաբերությունների հաստատման գործընթացում։ «Ադրբեջանը, իր լոբբինգի եւ ազդեցության միջոցով, կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին»,- փակագծեր է բացել ԱԺ նախագահը։