
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինադադարը կարող է համաձայնեցվել առաջիկա շաբաթներին։ Նա այդ մասին ասել է Fox News-ին՝ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո, գրում է bbc.com-ը:
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հարցով ցանկացած խաղաղության համաձայնագիր չպետք է լինի «Ուկրաինայի հանձնում» և պետք է ապահովվի անվտանգության երաշխիքներով։
Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ խոսել է 30 այլ եվրոպացի առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են լինել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մաս: Մակրոնի խոսքով՝ ինքն աշխատում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ՝ տարածաշրջան զորքեր ուղարկելու առաջարկի շուրջ:
«Չեն տեղակայվի առաջին գծում, չեն գնա առճակատման, բայց կլինեն որոշ վայրերում, որոնք կսահմանվեն պայմանագրով: Դրանք կտեղակայվեն՝ պահպանելու այս խաղաղությունը»,- ասել է Մակրոնը։
Մարտական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները, հավելել է նա, կվերաբերեն «անվտանգության երաշխիքներին, հողին և տարածքներին»:
«Մենք արագ խաղաղություն ենք ուզում, բայց թույլ համաձայնություն չենք ուզում»,- ասել է նա։