Հորդանան գետի Արևմտյան ափի հարցում Իսրայելի պ...

Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, Հորդանանի Արևմտյան ափն Իսրայելին միացնելու վերաբերյալ առաջարկության նախնական հաստատումը միջազգային իրավունքի խախտում է: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի ներկայացուցիչ Անվար ալ Անունին։

«Եվրամիությունը հին ավանդույթ ունի՝ չճանաչել Իսրայելի ինքնիշխանությունն օկուպացված պաղեստինյան տարածքների վրա՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հիմնվելով 1967 թվականի սահմանների վրա», - մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա նաև անօրինական է անվանել Արևմտյան ափի բռնակցումը։

«Այսինքն՝ մենք կարծում ենք, որ նման բռնակցումն անօրինական է՝ ըստ միջազգային իրավունքի։ Ցանկացած առաջխաղացում այս տարածքում որակում ենք որպես միջազգային իրավունքի խախտում», - ասել է Կալասի ներկայացուցիչը։ 

Հոկտեմբերի 22-ին Քնեսեթում նախնական ընթերցմամբ հավանության արժանացած առաջարկությունը, որը նախատեսում է Իսրայելի ինքնիշխանության տարածում Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքի վրա, քննադատել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ այն համարելով անտեղի։

«Արևմտյան ափն Իսրայելի կողմից չի բռնազավթվելու։ Սա կմնա որպես մեր դիրքորոշում, և եթե որևէ մեկը ցանկանում է խորհրդանշական քվեարկություններ անցկացնել, ապա նրանք կարող են, բայց դա, միանշանակ, մեզ չի գոհացնում», - հայտարարել էր Վենսը։