Հոկտեմբերի 27-ի գործը նորից կգնա քննության․ Ա...

«Ժողովուրդ ջան, տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ընթացքում զոհված Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը։

Փաստաբան Զարուհի Մեժլումյանը այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Անահիտ Բախշյանի և իմ բողոքի հիման վրա վերացրել է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հիմնական՝ «մայր» գործից անջատված մասով վարույթը կարճելու վերաբերյալ դեռևս 2004-ին կայացված որոշումը:

15 տարի անց պատմական ու բացառիկ հնարավորություն է ստեղծվել առերեսվելու Հայաստան պետության ամենաամոթալի էջերից մեկին՝ պետության դեմ ուղղված հանցագործության լիարժեք բացահայտման, արդարադատության իրականացման, պետության դեմ ուղղված հանցանգործությունների կանխարգելման նպատակով ու այլևս երբեքի հրամայականով...

Հին իրավական համակարգից ժառանգություն մնացած գործերի, անարդար որոշումների, կասկածելի դատավճիռների վերանայումն այլընտրանք չունի, եթե ցանկանում ենք սկսել նոր ու սպիտակ էջից, կառուցել դե ֆակտո Իրավական պետություն...

Սիրելի՛ Անահիտ Բախշյան, կրկին շնորհակալություն վստահության համար»։