
Hindustan Silicon Private Limited-ը հաջորդ չորս տարիների ընթացքում Արևմտյան Վրաստանում նավթի արդյունահանման մեջ կներդնի մոտ 50 միլիոն դոլար։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով՝ համապատասխան Արտադրության բաժանման համաձայնագիրը (PSA) ստորագրել են Վրաստանի նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին, Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի գործադիր տնօրեն Եկատերինե Սիսաուրին և Hindustan Silicon Private Limited-ի տնօրեն Հիտեշ Կումար Նայակը։
Պայմանագիրը ստորագրելուց հետո ընկերությունը պետական բյուջե կվճարի 4,15 միլիոն դոլար։
Նախագիծը ներառում է յոթ արտադրական հորատանցքերի խորացում և հորատում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև երկու նոր հետախուզական հորատանցքերի հորատում։
Ստորագրման արարողության ժամանակ փոխնախարար Ինգա Փխալաձեն հայտարարել է, որ այս համաձայնագիրը կարևոր քայլ է Վրաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ. «Այս համաձայնագիրը կնպաստի Վրաստանի էներգետիկ ռեսուրսների զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանը և նավթարդյունաբերության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը»։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կամրապնդի Վրաստանի էներգետիկ անվտանգությունը և կստեղծի նոր հնարավորություններ տնտեսական աճի և տարածաշրջանային զարգացման համար