Հնդկաստանն արձագանքել է Թրամփի հայտարարության...

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ վարչապետ Նարենդրա Մոդին հավաստիացրել է իրեն, որ Հնդկաստանը կդադարի ռուսական նավթ գնել: The Times of India պարբերականը նշում է, որ ըստ գերատեսչության՝ Հնդկաստանի ներմուծման քաղաքականությունը որոշելիս «առաջնահերթություն է տրվում հնդիկ սպառողների շահերի պաշտպանությանը»: 

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ էներգակիրների կայուն գինը և անխափան մատակարարումները Հնդկաստանի էներգետիկ քաղաքականության երկու նպատակներն են:

«Սա ներառում է էներգիայի մեր աղբյուրների ընդլայնում և դիվերսիֆիկացում այնպես, որ դրանք համապատասխանեն շուկայական պայմաններին», - նշել է գերատեսչության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը:

Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու գործում, այժմ քննարկումներ են ընթանում:

Թրամփը հայտարարել էր, որ Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը, ինչի պատճառով Սպիտակ տունն ավելի վաղ բարձրացրել էր Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը: