
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցը բերում է մի կարևոր բանավեճ՝ քաղաքական իրականության գնահատման և ընդդիմադիր դաշտի ապագա մարտավարության շուրջ։ Այս հարցազրույցը արժանի է ուշադրության հատկապես այն ֆոնին, երբ հայաստանյան քաղաքական կյանքը հաճախ դառնում է հուզական աղմուկի հարթակ՝ փոխադարձ մեղադրանքներով և անձնական հաշվեհարդարի լեզվով։
Վանեցյանը հանդես եկավ հստակ, հանգիստ և ռազմավարական մոտեցմամբ։ Նա վերահաստատեց, որ ընդդիմադիր ուժերի միջև գաղափարական անդունդ չկա, և այն տարաձայնությունները, որոնք հաճախ գերարտահայտվում են դաշտում, հիմնականում տակտիկական են։ Սա մի կարևոր դիտարկում է՝ հաշվի առնելով այն, թե որքան հաճախ հասարակական ընկալումը ստեղծվում է արտաքին հակադրությունների վրա, երբ իրականում տարբեր ուժեր ձգտում են միևնույն նպատակին՝ իշխանության փոփոխությանը և պետության կայուն ապագային։
Վանեցյանը շեշտեց նաև, որ ընդդիմադիր պայքարը պետք է չսահմանափակվի միայն փողոցային մեթոդաբանությամբ։ Ըստ նրա՝ որքան էլ պայքարի ոչ ինստիտուցիոնալ ձևերը կարևոր են, երկարաժամկետ հաջողությունը պահանջում է նաև համակարգված պատրաստություն՝ հատկապես առաջիկա 2026 թվականի ընտրությունների համատեքստում։ Այս մոտեցումը կարևոր է հատկապես այն առումով, որ այն խոսում է ոչ միայն գործող ռեժիմի դիմակայելու, այլև այլընտրանքային կառավարման կարողություն ձևավորելու պատրաստակամության մասին։
Հարցազրույցում հնչեց նաև ինքնաքննադատական, թեև չափավոր մոտեցում ընդդիմության ներսում որոշ պասիվության վերաբերյալ։ Մասնավորապես՝ անդրադառնալով վարչապետի թեկնածու չառաջադրելու փաստին, Վանեցյանը ընդգծեց, որ նման քայլերը, անկախ իր պատճառաբանություններից, կարող են ազդել հանրային տրամադրությունների և ընդհանրապես քաղաքական շարժի վրա։ Այդ դիտարկումը՝ չլինելով ագրեսիվ կամ պառակտիչ, այնուամենայնիվ ուղղված էր դեպի քաղաքական ուժերի առավել կոնստրուկտիվ գործելակերպի խրախուսումը։
Համախմբման, փոխադարձ հարգանքի և պատասխանատվության տրամադրությունն ընդգծված էր Վանեցյանի ամբողջ հարցազրույցում։ Նա չի փորձել իրեն ներկայացնել որպես միակ ելքը կամ լուծումը, փոխարենը խոսել է թիմային, համընդհանուր ներուժի և հանրային մասնակցության կարեւորության մասին։ Այս համեստ ու սթափ դիրքորոշումը՝ զերծ պաթոսից ու մանիպուլյացիայից, որոշակի հույս է ներշնչում, որ քաղաքական դաշտում կարող է ի վերջո բովանդակային քննարկումների սկիզբ դրվել։
Հաշվի առնելով ներկայիս բարդ ներքաղաքական վիճակը՝ նման մոտեցում ունեցող գործիչների տեսակետները հատկապես կարեւոր են։ Վանեցյանը, թեև շատերի աչքում շարունակում է համարվել զգուշավոր քաղաքական դերակատար, իր հարցազրույցով ցույց է տալիս, որ հենց այդ զգուշավորությունը կարող է դառնալ պատասխանատու գործընթացների հիմք։
Հ․Գ․ Վանեցյանի հարցազրույցի հիմնական ուղերձը, թերևս, կարելի է համառոտ ձևակերպել այսպես․
«Հնարավոր է տարբերվել տակտիկայում, բայց չկորցնել ընդհանուր նպատակը»։
Ա. Վ. Սիմոն