Մամուլում բազմաթիվ են հրապարակումները, թե իշխող քաղաքական թիմը՝ վարչապետ Նիլոլ Փաշինյանի գլխավորությամբ, տապալել է կադրային քաղաքականությունը: Այս մասին Politik.am-ը լսել է քաղաքագետգ Արմեն Բադալյանի մեկնաբանությունը: Վերջինիս խոսքով՝ իշխող քաղաքական ուժը ցույց չի տալիս երկրի զարգացման հստակ վեկտորը և հայեցակարգերը, մինչդեռ միայն դրանից հետո պետք է ընտրվեին կադրերը:
«Կադրեր ընտրում են ոչ թե նրա համար, որ նրանք գեղեցիկ են, գիտելիք շատ ունեն, հայտնի բուհ են ավարտել, սոցիալական այս կամ իրավիճակում են, կամ քեզ հետ փողոց են փակել, քայլերթին են մասնակցել: Պետք է ընտրել՝ առաջնորդվելով սկզբունքով, թե տվյալ անձը կարո՞ղ է իրականացնել իր առջև դրված խնդիրները: Հայաստանի իշխող քաղաքական թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, չի նշել, թե Հայաստանից ինչպիսի երկիր պետք է ստանան, բացառությամբ՝ վերացական հայտարարությունների: Այս գործելակերպի արդյունքն էլ այն է, որ Հայաստանում ներդրումներ չկան, որևէ ոլորտի զարգացման հայեցակարգ չկա»,-նշում է քաղաքագետը:
Ըստ Բադալյանի՝ ընտրված պատահական կադրերը հաջողություն չեն ունենում, որովհետև չգիտեն՝ ուր են գնում.«Իշխանությունների ամենամեծ տապալումն այն է, որ շարժվում են, բայց չգիտեն՝ ուր են գնում»:
Հարցին, թե զարգացման հայեցակարգը, ի վերջո, երբ կտեսնենք, Բադալյանը պատասխանեց.«Երևի էլ չլինի էլ, որովհետև եթե իշխանությունները նպատակ ունենային երկրի զարգացման վեկտորը նշելու, մեկ տարին կբավականեցներ իրենց: Եթե մեկ տարում չի նշվել, հավանաբար այլևս չի էլ նշվի: Իրենց թվում էր, որ եթե քրեաօլիգարխիկ համակարգը վերացավ, ապա ամեն ինչ լավ կլինի: Հիմա էլ ուրիշ պատճառ են բռնել՝ չի զարգանում, որովհետև դատավորներն են վատը»:
Արմեն Բադալյանը նշում է՝ այսպես երկար շարունակվել չի կարող, քանի որ ժողովրդի մեջ օրեցօր ավելանում է դժգոհությունը.«Դրա ապացույցը կիրակի օրն Աբովյանում անցկացված քաղաքապետի ընտրություններին էին. ընդամենը ամիսներ առաջ այդ քաղաքում իշխող քաղաքական թիմը հավաքեց ձայների գերակշիռ մեծամասնությունը, այժմ այն կտրուկ նվազել է: Սկսվել է գործընթացը, երբ վարչապետից կամաց-կամաց կհեռանան իր թիմակիցները: Իշխող թիմը այնպիսի «հաջողակ» քաղաքականություն իրականացրեց, որ գրեթե 0-ի հասցրեց ժողովրդական այն ուրախությունը, որը կար մեկ տարի առաջ: Եվ մի բացառեք, որ կարող է աշնանը վարչապետի հրաժարականը պահանջողներ լինեն»:
Մարիամ Սարգսյան




