Պարենի համաշխարհային գները շարունակում են նվազել արդեն 11-րդ ամիսն անընդմեջ։
Նման տեղեկություն է հրապարակվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Պարենային գների ինդեքսում, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները: Հաղորդվում է, որ փետրվարին անկումը եղել Է աննշան՝ 0,6%-ով ավելի ցածր, քան հունվարին։ 2022 թվականի մարտի առավելակետային ցուցանիշների համեմատությամբ` Պարենային գների ինդեքսը նվազել է 18,7%-ով։
Բուսական յուղերի և կաթնամթերքի գների անկումը փոխհատուցել Է շաքարի գների կտրուկ աճը։ Հացահատիկի գների ինդեքսը հունվարի համեմատությամբ գործնականում մնացել է անփոփոխ։ Մսի գները նույնպես, հունվարի համեմատությամբ, գրեթե չեն փոխվել: Միևնույն ժամանակ ՊԳԿ-ն նշում է բազմաթիվ երկրներում պարենային անվտանգության խնդիրների սաստկացման մասին։ Կազմակերպության գնահատումներով՝ աշխարհի 45 երկիր սննդամթերքի հարցում արտաքին օգնության կարիք ունի:
Իսկ վեց երկրում առկա է կամ շուտով կարող է առաջանալ սննդային սուր անբավարարություն. սա համապատասխանում է Պարենային անվտանգության փուլերի համապարփակ դասակարգման 5-րդ մակարդակի կամ աղետալի սովի մակարդակի: Այդ երկրներն են Բուրկինա Ֆասոն, Հայիթին, Մալին, Նիգերիան, Սոմալին և Հարավային Սուդանը: Այս իրավիճակի պատճառը երաշտներն են, հակամարտությունները, բարձր գները։
Չնայած այն բանին, որ ՊԳԿ-ի պարենային գների ինդեքսը վերջին ամիսներին փոքր-ինչ նվազել է, պարենային ապրանքների ներքին գների աճը բազմաթիվ երկրներում գտնվում Է շատ բարձր մակարդակում, նշում են կազմակերպությունում: Պարենի հետ կապված իրավիճակն առանձնապես տագնապալի է Արևելյան Աֆրիկայում, որտեղ տեղի է ունեցել վերջին 40 տարվա ընթացքում ամենասաստիկ երաշտը: