Բոլոր հայտարարություններին եկեք վերաբերվենք վստահությամբ. Սերժ Սարգսյանի թիմակիցներն ասում են՝ սենց էր լինելու, սենց էր լինելու, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն ասում են՝ այ սենց լավ լուծում կար, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները ասում են՝ այսպիսի ընտիր լուծում կար. Շատ լավ, դե լուծեիք, ի՞նչ եք եկել հիմա բացատրում, թե ինչ պետք է լիներ 1994-ին, 1997-ին կամ 2013-ին ու 2018-ին ինչ պետք է լիներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թող լիներ, լուծեիք: Բա էդքան լավ տարբերակները ինչի՞ չեք արել: Հիմա ես կարո՞ղ եմ իրենց դավաճանության ու դասալքության մեջ մեղադրել, որ այդքան լավ տարբերակներ են ունեցել ու չեն լուծել»:
Դիտարկմանը, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն ասել է, որ նախկին բոլոր ղեկավարները լեգիտիմության խնդիր ունեին, իսկ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ էր, կարող էր լուծել հարցը, վարչապետն արձագանքեց. «Ես դրա պատասխանն էլ ունեմ: Իմ վարչապետ դառնալուց հետո ոչ թե բոլոր ձեր լրատվամիջոցներով գրեիք՝ հողերը տալիս ա, Ղարաբաղը տալիս ա, այլ ասեիք՝ լեգիտիմություն ունես, գնա տուր, Ղարաբաղն ել տուր էն էլ, տուր, էս էլ տուր, կամ էն մեկը տուր, մյուսը մի տուր»:



