
Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունն այն մասին, որ նա կշարունակի հայրենիքին ծառայել նոր կարգավիճակով, կարող է նշանակել, որ նա պատրաստվում է զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի ղեկավար Արա Հակոբյանը:
Նա կրկնեց կուսակցության դիրքորոշումը, որի համաձայն՝ ղարաբաղյան պատերազմում պարտությունը կազմակերպված էր Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից, եւ իշխանափոխությունից հետո բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու:
Հակոբյանը անհեթեթ է համարում այն փաստը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Գլխավոր շտաբի ղեկավարությունը նրան կանգնած է դիմավորում պաշտպանության նախարարություն այցի ժամանակ: «Երբ մենք ամբողջ բանակի հայտարարությունը վերագրում ենք մեկ մարդու, այս դեպքում Գլխավոր շտաբի պետին, ապա նույն սխալն ենք թույլ տալիս, երբ անհատականացնում ենք հանրության մեջ այլ երեւույթները: Այս տեխնոլոգիան, որը հատուկ կիրառվում է պայքարի շիկացումը թուլացնելու համար, կարող է կոտրել ոգին եւ հանգեցնել հիասթափության: Մարդիկ չպետք է տրվեն այդպիսի սադրանքների»,- շեշտեց կուսակցության ղեկավարը:
Նա հիշեցրեց, որ մեծ թվով փաստեր են ներկայացվել այն մասին, որ քաղաքական իշխանության կողմից իրականացվել է պետական դավաճանություն: «Այս շրջանակի մեջ է ներառվում նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի բացի նրանց հրաժարականի հարցից, ոչ մի այլ բան չենք քննարկելու: Մնացյալ ամեն ինչը կեղծ օրակարգ է»,- պարզաբանեց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, ապա նա, քաղաքական գործչի համոզմամբ, ինչպես միշտ, զբաղված է մանիպուլյացիաներով: «Գործողությունները, որոնք ունեն ազգային-ազատագրական բովանդակություն, նա գնահատում է որպես Սահմանադրությանը հակասող: Իրականում նա գոհ է իր քաղաքական սանիկի՝ Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունքներից: Հիմա Տեր-Պետրոսյանը պարզապես փորձում է խուսափել հարվածից: Ապագայում կասի, որ ինքը նույնպես պահանջել է Փաշինյանի հրաժարականը»,- ամփոփեց «Ազգային օրակարգի» ղեկավարը: