ՀՀ-ում վառ արտահայտված է տնտեսական ստվերը, բա...

2025 թվականին մեր ընթացիկ ծախսերը կազմելու են 26.2 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին 29.5 մլրդ էր, այսինքն՝ նվազելու է 3.3 մլրդ դրամ կամ 11.4 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա պարզաբանեց, որ այս ծախսը պայմանավորված է հիպոթեքային վարկերով՝ եկամտահարկի վերադարձով:

«2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 767 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 112.7 մլրդ դրամով կամ 6.8 տոկոսով, մինչև տարեվերջ այս դինամիկան դեպի վերև է գնալու»,- ասաց նա:

Բադասյանն ընդգծեց, որ ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է:

«Ուզում եմ անդրադառնալ մամուլում շրջանառվող թեզին, թե ՊԵԿ-ը՝ կախված տվյալ տարվա բյուջետային վիճակից, կամ առավել կոշտ վարչարարություն է իրականացնում, կամ առավել մեղմ: Նշեմ, որ մեր երկրում ստվերն այնքան վառ արտահայտված է, որ մենք տվյալ տարվա բյուջետային ակնկալիքներին չենք նայում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ստվերային տնտեսությունն առավել վառ արտահայտված է մի շարք ոլորտներում: «Մեր պարտականությունն է ուղիղ ոչ միայն ֆիսկալ առումով խնդիրներ լուծել, այլ եթե մեր վարչարարությունը չիրականացնենք բոլոր ոլորտներում և ակտիվ չպայքարենք ակտիվ ստվերի դեմ, դա տարբեր շուկաներում խաթարում է մրցակցությունը, ուստի այս ուղղությամբ մեր աշխատանքը շարունակական է լինելու»,- ասաց նա: