
ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հաստատելով, որ օրինական գործընթացները գաղտնալսվում են իրավապահ մարմինների կողմից։
Խուդոյանը հայտարարեց, որ «տոտալ գաղտնալսվում են ընդդիմադիր տարբեր գործիչներ»։
Փաստաբանը նշեց, որ, ըստ իրավապահ մարմինների, ԱԱԾ-ն հաղորդագրություն է ներկայացրել դեռևս մարտ ամսին, թե կան վկայող բավարար տվյալներ, որ նախապատրաստվում է հանցագործություն․
«Սակայն, տեսնում ենք, որ բուն գործողությունները տեղի են ունեցել արդեն հունիսին, ինչը լրացուցիչ անգամ կասկած է հարուցում, որ այս գործընթացները պայմանավորված են քաղաքական գործընթացների միջամտությամբ կամ գեներացիայով»։
Փաստաբանը նշեց, որ նախաքննական մարմինը մինչև գործողություններ իրականացնելը, հրապարակում է ձայնագրություններ ՔԿ պաշտոնական էջում, որտեղ անգամ ոչ մասնագետի համար էլ ընկալելի է, որ ձայնագրությունները մոնտաժված են և տարբեր տեղերից կպցված։
«ՔԿ-ն ասաց, որ, այո՛, առանձնացված են, բայց այն հատվածներն են, որոնք հետաքրքրություն են ներկայացնում գործի առումով, մնացածը կենցաղային են։ Այստեղից էլ գալիս է առաջին հակադարձումը՝ եթե կենցաղային են, անհրաժեշտություն չկա թաքուն պահելու, ապա ներկայացրեք, թե ընդհանուր ինչ կոնտեքստից են վերցրած, նույն ժամանակահատվածի՞ց են, թե՞ տարբեր օրերից, արդյոք հումորայի՞ն են, թե՞ տեսական մտքերի քննարկում է»,-ասաց նա և պնդեց, որ տարբեր օրեր արված ձևակերպումներ են հավաքել, և բովանդակությունն էականորեն աղճատված է։
Մանրամասն՝ տեսանյութում։