ԵԽԽՎ 2025 թ. ձմեռային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթ է ունեցել «Նոր կանոնահեն միջազգային կարգի անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ՝ մատնանշելով, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայություն սկսել են նահանջել միջազգային օրակարգից, ինչի արդյունքում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, Արցախի հայերի էթնիկ զտումները և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների շինծու դատավարությունները Բաքվում ժողովրդավարական աշխարհում զարմանալիորեն ընկալվում են իբրև լեգիտիմ։
Արմեն Գևորգյանի ելույթը ներկայացվում է ստորև:
«Lիբերալ օրակարգը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը նահանջում են միջազգային օրակարգից, ինչպես և ժամանակին կանխատեսում էինք: Տնտեսական ճգնաժամերը, սոցիալական մեդիայի հեղափոխությունը և աջ ծայրահեղական ու ձախ ծայրահեղական պոպուլիզմի աճը եվրոպական պետություններում հանգեցրել են խիստ բևեռացման և արդյունքում, ընդհանուր առմամբ, ավելի թույլ Եվրոպայի։
Հաճախ ենք ականատես լինում, որ շահերի և ձգտումների մեր ընդհանուր զգացումն առավել պարզ արտահայտվում է ինչ-որ մեկին դիմակայելու, այլ ոչ թե՝ ինչ-որ բանի ձգտելու միջոցով: Զարգանալու ընտրությունների շրջանակը, հատկապես՝ փոքր պետությունների համար, հանգեցվել է «մեզ հետ կամ մեր դեմ» անընդունելի պարզունակ երկփեղկվածության: Եվ, որ ավելի վատ է, Եվրոպայում արված ռազմավարական ընտրությունները, հետապնդվող շահերի տեսանկյունից, նույնպես հետևողական չեն: Այսպես, պատերազմն Ուկրաինայում արժանանում է կատեգորիկ դիմադրության, մինչդեռ Թուրքիայի կայսերական հավակնությունները Սիրիայում ըմբռնումով են ընդունվում:
Միաժամանակ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, Արցախի հայերի էթնիկ զտումները և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների շինծու դատավարությունները Բաքվում ժողովրդավարական աշխարհում զարմանալիորեն ընկալվում են իբրև լեգիտիմ։
Եվրոպան աջակցեց Կոսովոյի ինքնորոշման իրավունքին՝ ժխտելով այն արցախահայության համար։
Ի՞նչ է սա, եթե ոչ Եվրոպայում ինքնության և առաջնորդության լուրջ ճգնաժամի հետևանք:
Հարգելի' գործընկերներ,
Հայաստանում այսօր ձևավորվում է մի իրողություն, որը կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ «Գնում ենք դեպի Արևմուտք, բայց՝ Ռուսաստանի հաշվին»։ Այստեղ շատերը գիտակցում են, որ նման մոտեցումը տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար հղի է նոր ռիսկերով ու մարտահրավերներով:
Պատասխանատու քաղաքական որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ շարունակվող գլոբալ ճգնաժամը կարծես թե ուղղորդում է դեպի «Յալթա-2» համաժողով, որը Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու և նոր աշխարհակարգ հաստատելու ջանք կլինի: Շատ հավանական է, որ առաջնորդների եռյակը կրկին գերիշխի քննարկումներում, հատկապես՝ Եվրասիային վերաբերող հարցերում: Այդուհանդերձ, խորապես ցավալի կլինի, եթե Եվրոպան դուրս մնա այս կրիտիկական զրույցներից:
Երբ Եվրոպան թուլանում է, լինի դա ներքին, թե իր արտաքին քաղաքականության մեջ՝ չկարողանալով պահպանել ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների իր չափանիշները, նա վտանգում է կորցնել իր իսկ ինքնությունը և այն հավելյալ արժեքը, որ տալիս ենք աշխարհին: Սա Եվրոպան իջեցնում է տարածաշրջանային խաղացողի կարգավիճակի՝ զուրկ որևէ բացառիկ ներդրումից: Եվրոպական պետություններում ներքաղաքական և ինքնության ճգնաժամերը և առանցքային հարցերի շուրջ աճող անմիաբանությունն ավելի են ուժեղացնում այս անկումը:
Թույլ տվեք ավարտել խոսքս՝ բարձրացնելով մեկ, բայց կենսական հարց. Եվրոպայի խորհուրդն ինչպե՞ս կարող է նպաստել Եվրոպայի քաղաքական ինքնության վերականգնմանը և առավել կանոնահեն միջազգային կարգի առաջխաղացմանն ինչպես իր սահմաններում, այնպես էլ՝ դրանցից դուրս»: