
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին և ծրագրերի ղեկավար Արման Ավագյանին։
ՇՄ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ հարցերը, առկա մարտահրավերները, ինչպես նաև ոլորտում գույքագրված առաջնահերթությունները՝ նպատակ ունենալով համատեղ ծրագրերն իրականացնել առավել նպատակային և արդյունավետ ձևաչափով։
Ընդգծվում է, որ սա կարևոր քայլ էր նախարարության և CNF-ի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության շրջանակում նոր ուղենշումներ սահմանելու ուղղությամբ։
«Զրույցի առանցքում էր նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպումը, որը կայանալու է 2026 թվականին Հայաստանում։ Քննարկվել են CNF-ի հնարավոր ներգրավվածության և աջակցման ձևաչափերը համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներում։
Նախարարը վստահություն է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ Հայաստանի կենսաբազմազանության պահպանման ու բնական հարստությունների արդյունավետ կառավարման»,- ասված է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
CNF-ն Հայաստանում գործում է 2009 թվականից և այդ ժամանակից ի վեր հանդիսանում է բնության պահպանության ոլորտում նախարարության հուսալի գործընկերը՝ շարունակական օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, նպաստելով կառավարման համակարգերի զարգացմանը և տրամադրելով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն։