
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպման մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Գրառման մեջ ընդգծվում է, որ նախարարն ու դեսպանն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերին։ Քննարկվել է ամբողջական կազմակերպչական գործընթացը՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային բաղադրիչները։
«Դեսպան Գալագերը հետաքրքրված էր մեր կարիքներով և մարտահրավերներով: Նա ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու, և մենք է հստակեցնենք, թե ինչ ուղղություններով է այդ աջակցությունը լինելու առավել թիրախային և արդյունավետ»,- գրել է Համբարձում Մաթևոսյանը:
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Կենսաբազմազանության ազգային ռազմավարությանը և «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» (Global Biodiversity Framework) իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերին։
«Ներկայացրեցի մեր ունեցած առաջընթացը։ Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը COP30 համաժողովին և պատվիրակության հնարավոր կազմին։
Արձանագրեցինք նման համաժողովներում մեր ներգրավվածության կարևորությունը՝ փորձի փոխանակման և միջազգային կապերի խորացման տեսանկյունից։
Քանի որ դեսպան Գալագերն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, շնորհակալություն հայտնեցի նրան արդյունավետ ու կառուցողական համագործակցության և Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար»,- գրառումը եզրափակել է Համբարձում Մաթևոսյանը: