ՀՀ ՔԿ է այցելել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների...

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։

ՔԿ-ից  հայտնում են, որ Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Բարթերին՝ նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա ղեկավարությամբ գրասենյակի հետ արդեն ձևավորված խորը և համապարփակ համագործակցությունն առավել ընդգրկուն և արդյունավետ կդառնա։

Կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է կառույցի գործառութային և կառուցվածքային առանձնահատկությունները, նախընթաց շրջանում տարբեր ուղղություններով  ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի հետ իրականացված ծրագրերը, Կոմիտեին ԱՄՆ կողմից ցուցաբերված նյութատեխնիկական օժանդակության շրջանակը։

Պարոն Բարթերը նկատել է, որ կատարվել է ծավալուն աշխատանք, և գրասենյակը շարունակելու է արձանագրված արդյունքների հիման վրա հարաբերությունների զարգացման գործընթացը՝ նաև կամուրջի դեր կատարելով ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև կապերի ամրապնդման և ընթացիկ խնդիրների լուծման համար։     

Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների, թրաֆիքինգի, ընտանեկան բռնությունների, փողերի լվացման, ինչպես նաև՝ թվային ապացույցների ձեռք բերման և այլ առանցքային ուղղություններով ՀՀ ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման  ծրագրերի ընդլայնմանն առնչվող հարցեր։