ՀՀ քաղաքացիների շրջանում ձեւավորվել է ակնկալի...

Այս ընթացքում շատ լուրջ զարգացումներ տեղի են ունեցել Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Ես կուզենայի դրանցից 2-3-ը ընդգծել. դրանցից մեկը վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկն է, մի հարց, որը Հայաստանի օրակարգում եղել է տասնյակ տարիներ: Հիմա այս մթնոլորտը հասկանալիորեն ՀՀ քաղաքացիների շրջանում ստեղծել է ակնկալիք, որ այս հարցը հնարավորինս  արագ և արդյունավետ լուծում կստանա, մանավանդ, որ հիմա ԵՄ երկրների վիզաներ ստանալու հետ կապված մեծ խնդիր կա:

Նաև ուզում եմ ընդգծել եվրոպական խաղաղության գործիքի մաս Հայաստանի դառնալում ԵՄ որոշումը, որը էլի շատ կարևոր քաղաքական որոշում է: Ինքը ծավալի առումով, ֆինանսական և տեխնիկական աջակցության մասշտաբով շատ ծանրակշիռ չէ գոնե այս պահին, բայց ինքը քաղաքական առումով շատ ծանրակշիռ որոշում է։

Մենք այդ բոլոր ընկալումները պետք է բալանսավորենք, որ իմ կարծիքով ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ լարվելու որևէ բան կա: Սրանով մենք ընդգծում ենք Հայաստանի ինքնիշխան իրավունքներից օգտվելու գործիքակազմին հասանելիությունը և այն, որ մենք վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն, որը հիմնված է մեր պետական շահերի վրա»,- ընդգծեց Փաշինյանը: