Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես:
«Հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է և կարող է սպասարկման գրասենյակներում հանգեցնել մարդկային կուտակումների:
Հերթերը ներկայումս բավականաչափ բեռնաթափված են, ինչը պայմանավորված է միաժամանակ սեզոնայնությամբ և ներդրված նոր համակարգի լուծումներով»,- հայտնում են ՆԳՆ-ից՝ հիշեցնելով, որ հերթերի կառավարման համակարգը փոխվել է, և ներկայումս ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ծառայությունները մատուցվում են և՛ էլեկտրոնային հերթագրմամբ, և՛ կենդանի հերթի ձևաչափով։
Հերթագրումներն իրականացվում են migration.e-gov.am հարթակի միջոցով։ Ամրագրում ունեցող քաղաքացիները սպասարկվում են առաջնահերթության սկզբունքով՝ իրենց կողմից ընտրված ժամին, իսկ տեղում կտրոն վերցրած քաղաքացիները սպասարկվում են առաջին իսկ ազատ պատուհանի առկայության ժամանակ։
ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է դիմումը գրելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ անձնագրի կորստյան դեպքում՝ 10-րդ աշխատանքային օրը։ Պետական տուրքը 1000 դրամ է։
Կառավարության որոշմամբ սահմանված են նաև սեղմ ժամկետներ անձնագրի փոխանակման համար և մատուցվում են արագացված ծառայություններ՝
1 աշխատանքային օր- 20 000 դրամ (հասանելի է Երևանում)
3 աշխատանքային օր -10 000 դրամ
Անձնագրի կորստյան դեպքում՝
1 աշխատանքային օր- 60 000 դրամ
3 աշխատանքային օր- 50 000 դրամ
5 աշխատանքային օր- 40 000 դրամ