ՀՀ նախագահն Ամերիկայի հայկական համագումարի պա...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել մշտապես պետականության կողքին կանգնելու Ամերիկայի հայկական համագումարի սկզբունքային դիրքորոշումն ու 1990-ականներից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը: 

«Դուք միշտ եղել եք պետության կողքին՝ անկախ նրանից, թե ինչ իշխանություն է եղել: Սա ամենակարևորն է, քանի որ դուք անշահախնդիր կերպով միշտ աջակցել եք պետականությանը և օգնել Հայաստանի քաղաքացիներին: Ես դա շատ բարձր եմ գնահատում, քանի որ հաճախ քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները խանգարում են միասնականությանը», - ասել է նախագահ Խաչատուրյանը:

Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ թե՛ Սփյուռքի ներսում, թե՛ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում Հայկական համագումարի գործունեության առաջնային սկզբունքներից մեկը միասնականությունն է և հայկական պետականության աջակցությունը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ մանրամասներ: Նախագահն անդրադարձել է Հայաստանի առջև ներկայումս ծառացած անվտանգության մարտահրավերներին, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակին ու ակնկալիքներին:

Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, ինչպես նաև՝ երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ունի նաև Սփյուռքի կազմակերպությունների աջակցության կարիքը բարեփոխումների իրականացման ճանապարհին, սակայն այդ օգնության բովանդակությունն անհրաժեշտ է վերաձևակերպել և առաջնորդվել զարգացման ու ծրագրերի կյանքի կոչման սկզբունքներով և ոչ թե ուղղակի ու մեկանգամյա բարեգործական օգնությամբ: