ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայման...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին ադրբեջանական հայտարարությունները սին են և հիմնազուրկ. 

«ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի։ Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ է Ադրբեջանին փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել։ Ադրբեջանին ենք փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ մեր առաջարկները և պատրաստ ենք այդ ճանապարհով  գնալ հարցի անհապաղ լուծման։ Ասեմ նաև, որ այդ առաջարկները ներառում են ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը. մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը․ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան և զորքերը ետ քաշի ՀՀ ինքնիշխան տարածքից»,- հայտարարեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների, Հայաստանը շարունակում է ջանքերը՝ համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ։