Այն պահին, երբ ինքս տեղեկացել եմ նման հնարավոր ապօրինությունների մասին, սեպտեմբերի 14-ին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր վարորդի կողմից կոռուպցիոն գործարքներ իրականացնելու հանգամանքին, ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոտանյանը:
«Ինքը աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին, բայց սեպտեմբերի 4-ից հետո ինձ չի սպասարկել: Ես վստահ եմ, որ թե՛ ես, թե՛ հանրությունը, կտեղեկանա գործի մասին»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ քայլեր է իրականացրել ԱԳՆ-ն՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանի կողմից հնչած սպառնալիքների ուղղությամբ, Կոստանյանն ասաց.
«Մենք մեր գնահատականը տվել ենք, մեր նկատառումները գրավոր հայտնել ենք թե՛ դեսպանընկալ պետությանը, թե՛ այլ գործընկերներին: Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը Բալայանի մասնակցությունը եղել է մեզ հետ համաձայնեցված, կարծում ենք, որ դիվանագիտական շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում դեսպանների մակարդակով, նորմալ պրակտիկա է, եղել է հրավեր, որն ընդունվել է»:
Փոխնախարարն ասաց, որ Թուրքիայի դեսպանն էլ մասնակցել է ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումներին:
Խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններից, Կոստանյանը նշեց, որ դեռևս կան հարցեր, որոնք շարունակում են մնալ չհամաձայնեցված: Հարցերի համատեքստում նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության հարցը չի հանդիսանում խաղաղության պայմանագրի մաս:
«ՀՀ-ն Ադրբեջանի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում ևս չկա: Հայաստանի կողմից հնչել է մի քանի առաջարկ՝ վստահության ամրապնդման մեխանիզմների վերաբերյալ, այդ թվում փոխադաձ վերահսկողության:
Բանակցություններն այս պահին ուղիղ են ընթանում, բայց Հարավային Կովկասում կան խաղաղությամբ ու կայունությամբ իրապես հետաքրքրված գործընկերներ, ովքեր փորձում են դրականորեն արձագանքել»,- ասաց նա: