ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Իրաքի դեսպանության գոր...

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավինի գլխավորած պատվիրակությանը: 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ԿԳՄՍ ոլորտներում առնչվող հարցերը: Մասնավորապես՝ քննարկվել են երիտասարդության և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև օտարերկրյա ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային միջպետական ծրագրերին: 

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանում աշխատանքներ են իրականացվում՝ ընդլայնելու ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների կրթություն ստանալու հնարավորությունները։ Մասնավորապես՝ ներդրվել է օտարերկրյա դիմորդների հայտադիմումների ընդունելության fs.emis.am էլեկտրոնային համակարգ, որը նպատակ ունի առավել հեշտացնել դիմելու գործընթացը։ 

Կողմերը կարևորել են նաև միջմշակութային հաղորդակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։