ՀՀ ԿԳՄՍ նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպ...

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով հայ-ֆրանսիական համագործակցային կապերը խորացնելու պատրաստակամությունը:

«Հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն պատմական հենք և կայուն կարգավիճակ: Մենք ֆրանսիացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցում ենք և պատրաստ ենք խորացնել այն, ինչպես նաև քննարկել նոր ծրագրերի իրագործման գաղափարներ»,- ասել է նախարարը:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հույս հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում կշարունակվի հաջող համագործակցությունը ֆրանսիական կողմի հետ: