ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ընլայնելու փոխ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի  Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: 

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ միջխորհրդարանական ասպարեզում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ընլայնելու փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:

Թիմ Լոութընը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունն առաջիկայում կշարունակի ամրապնդվել և իրենք կներդնեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի խորացմանը: Նա կարևորել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու համոզմունք հայտնել, որ դրանց արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանի հետագա առաջընթացին:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: 

Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական գործողություններին: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով առաջացող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանագության ոչնչացման քայլերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային   ապաշարջափակման հնարավորություններին, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսությանը: