
Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակ և խորություն են ձեռք բերել: Այս մասին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գրիգորյանն արձանագրեց, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարևոր բաղադրիչներով, այդ թվում՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով:
«Դրա վառ ապացույցն է մեր գործընկերության նոր օրակարգի շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը: Լիահույս եմ, որ մեր նոր օրակարգն այս տարի Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի հավանությանը կարժանանա: Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առաջընթացին»,- ասաց փոխվարչապետը:
Գրիգորյանն ընդգծեց, որ հետևողական շարունակվելու են աշխատանքները համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրագործման ուղղությամբ:
«ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ-ի շարունակական աջակցությունը: ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության, ամրապնդման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին: Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին:
Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, մեզ նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի առաջ մղման համար: Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են և մեր կարծիքով՝ ներդաշնակ են ԵՄ «Գլոբալ դարպաս» ռազմավարության հետ»: