ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում...

Խայտառակ հայտարարություն է, ԱԳՆ-ն արձանագրում է, որ իրենց արտաքին քաղաքական օրակարգում չկա արցախցիների իրավունքների պաշտպանության հարց: Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված քննարկմանն ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։

«ԱԳՆ-ն փորձում է մեղքը գցել բոլորի վրա եւ ոչ մի պատասխանատվություն չվերցնել: Արցախյան շարժումը որեւէ մեկը չի կարող փակել, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Արցախյան շարժման առաջին շահառուն Արցախի ժողովուրդն է: Խիստ անցանկալի ու դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար: Հնարավորինս լայն համախմբում պետք է լինի Արցախյան օրակարգի շուրջ եւ իշխանությունների վրա մեծ ճնշում պիտի լինի, որ հանցավոր քայլեր չանեն Արցախյան հարցը փակելու ուղղությամբ»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Նշենք, որ ԱԳՆ-ն մասնավորապես ասել էր. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։