
Արդեն երրորդ անգամ կայացող այս միջազգային համաժողովը վերածվել է կարևոր հարթակի՝ համախմբելու երկրների կառույցների և անհատների ջանքերը սոցիալական արդարության համար: Այս մասին «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» համաժողովին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նախագահի խոսքով՝ 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում երբ աշխարհը վերաիմաստավորում է աշխատանքի դերն արդյունավետությունն ու ներառականոթյունը, սոցիալական արդարության հարցը մշտապես հրատապ է մնում:
«Այդուհանդերձ, մեզ համար սա ոչ թե տեսական կամ կարգախոսային հարց է, այլ պետական քաղաքականության առանցքային բաղադրիչ։ Հայաստանի համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, մարդկային արժանապատվության և հանրային համերաշխության հիմքն է։ Մենք հավատացած ենք, որ ոչ ոք չպետք է դուրս մնա արժանապատիվ աշխատանքի հնարավորությունից և յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իր կարողություններն ի գործ դնել արժանավայել կերպով մասնակցելու հանրային կյանքի բոլոր հարթություններին»,- ասաց նա:
Նա նշեց, որ մենք, որպես պետություն, գիտակցում ենք մեր պատասխանատվությունը, առաջ մղելու այնպիսի քաղաքականություններ, որոնք խթանում են զբաղվածությունը, պաշտպանում աշխատողի իրավունքները և կերտում ներառական աշխատաշուկա։