ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են...

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:

«ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու հավանական նոր ռազմական ագրեսիաները, հրադադարի ռեժիմը պահպանելու, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը  ետ քաշելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարստացման հնարավորությունները, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ:  

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: