ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների համաձայնության...

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը Ստեփանակերտում անցկացված հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հայտարարությամբ է հանդես եկել:  Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ համանախագահների հանդիպումից հետո Պոպովը նշել է, որ զրույցի ընթացքում միջնորդները պատմել են Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսլականը՝ այն հումանիտար խնդիրների վերաբերյալ, որոնք Վիեննայի գագաթնաժողովում, իսկ ավելի ուշ՝ Մոսկվայում, քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

«Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանում կամ Արցախում անազատության մեջ գտնվող անձանց պայմանների բարելավման և լրագրողների փոխանակման մասին է: Կան որոշակի գաղափարներ, աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է Պոպովը:

Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակը վերջերս եղել է Ժնևում, հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ, ունեցել կառուցողական երկխոսություն: Պոպովը հայտնել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների համաձայնության դեպքում նրանց հաջորդ հանդիպումը կկայանա Բրատիսլավայում: