ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտից նո...

Երեւանում տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին ընտանիքի անդամները, հարազատները, քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ եւ համախոհներ: Թեպետ հայտնի պատճառներով այս անգամ եւս գրքի շնորհանդեսին ներկա չէր Ռ. Քոչարյանը, բայց որդին՝ ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ ընթերցեց հոր ուղերձը ներկաներին:

«Սիրելի՛ բարեկամներ, վերջապես հայտնվեց իմ գրքի հայերեն թարգմանությունը: Ես շատ կցանկանայի, որ գրքի հայերեն եւ ռուսերեն հրատարակությունը լույս տեսնեին միաժամանակ, սակայն, ցավոք, իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի դա անհնարին լինի: Հայերեն ձեռագրերի վրա ես ստիպված էի աշխատել բանտում՝ համակարգչի եւ այլ տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում: Ես հնարավորություն չունեի շփվելու թարգմանիչների հետ, ինչը խիստ կարեւոր էր նրանց կողմից հեղինակի ինդիվիդուալ հատկությունները հասկանալու համար: Չնայած այդ դժվարություններին՝ գիրքը հրատարակված է, եւ ես շնորհակալ եմ բոլորին, ով մասնակցեց դրա պատրաստմանը: Ինչպես գիտեք, գրքում վերարտադրված է բազմամյա անցյալի իրադարձություններ եւ նկարագրված են դրանք այն ժամանակների ընկալման տեսակետից», - նամակում նշել է ՀՀ երկրորդ նախագահը եւ մանրամասնել, որ գրքի առաջին մասը մեր պատմության հերոսական էջերի եւ այդ էջերը կերտող մարդկանց մասին է:

Այնուհետեւ Ռ. Քոչարյանն անդրադարձել է արցախյան հաղթանակին եւ ընդգծել. «Մեր հաղթանակը Ղարաբաղում ինչ-որ կանխորոշված բան չէր, հակառակը՝ հաջողության հասնելու հնարավորություն մենք շատ քիչ ունեինք: Հենց դրանով էլ ավելի արժեքավոր են մեր ձեռքբերումները, եւ այդ իսկ պատճառով ավելի պատասխանատու կերպով պետք է վերաբերենք դրանց այսօր: Կարեւորագույն ճակատագրական որոշումներ ընդունելիս մենք ավելի կուռ էինք, ավելի վճռական, խիզախ եւ արագ, քան մեր թշնամիները: Այդ իսկ պատճառով մեզ հաջողվեց հաղթել թշնամուն, որը զգալիորեն գերազանցում էր մեզ մարդկային եւ նյութական ռեսուրսներով: Սակայն, որպեսզի պահեինք եւ ամրապնդեինք ռազմական հաջողությունը, պետք էր կառուցել ուժեղ եւ դինամիկ զարգացող Հայաստան, որն ի վիճակի է ապահովել պաշտպանության բանակի մարտունակության ռեսուրսային ապահովումը եւ Արցախի պետականության կայացումը: Սրան է նվիրված գրքի երկրորդ մասը, որտեղ նկարագրված է, թե ինչ ջանքերով հաջողվեց ապահովել Հայաստանի տնտեսության երկնիշ զարգացման տեմպը եւ 10 տարում հասնել ՀՆԱ-յի հնգակի եւ բյուջեի 8 անգամից ավելի աճի, ինչպես էին իրագործվում հայկական հասարակության կենսագործունեության բոլոր կողմերին առնչվող եւ Հայաստանի պատկերը փոխած ֆունդամենտալ բարեփոխումները: Ինչպես նաեւ նրա մասին է, թե ինչպես ես հեռացա իշխանությունից՝ հաջողության գագաթնակետին գտնվելով»:

Եզրափակելով խոսքը՝ նամակում Ռ. Քոչարյանը շեշտել է. «Հարգելի՛ բարեկամներ, հուսով եմ, որ այն իրադարձությունները, որոնք նոր գրքի նյութ են դառնալու իրենց երկար սպասեցնել չեն տա: Շնորհակալ եմ ձեզ ձեր ուշադրության եւ աջակցության համար: