ՀՀ ԱԺ-ում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն անդրադարձել է Ռուսաստանյան որոշ հեռուստաընկերությունների՝ Հայաստանում հեռարձակման խնդրին: Մասնավորապես, «Ռոսիա» պետական ալիքը եթեր է հեռարձակում ակնհայտ հակահայկական ուղղվածությամբ հաղորդումներ, որոնք հայերի հանդեպ ատելության կոչ են անում։
Նարինե Թուխիկյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրել է, թե կարելի՞ է արդյոք սահմանափակել կամ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։
«Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար», պատասխանել է Տիգրան Հակոբյանը, նշելով, որ շատ երկրներ, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, արդեն իրականացրել են այդ գաղափարը, բայց դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել։



