
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը և Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանի եւ փոխնախագահ Դինա Տիտուսի հետ:
Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարևոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման գործում և կարևորել այդ համագործակցության շարունակականությունը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Հանդիպումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունների մանրամասները, քննարկվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության առանձնահատկությունները: