
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունը, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Քուվեյթի հարաբերությունները նոր թափ կստանան` ընդգրկելով տարբեր ոլորտներ:
Դեսպան Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար` վստահեցնելով, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների, մասնավորապես, տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին ու Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին: