ՀՀ ԱԽ քարտուղարը Հնդկաստանի վարչապետի ազգային...

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Գրիգորյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից:

«Շնորհավորել եմ «Չանդրայաան 3» առաքելության լուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկել ենք տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրուցակցիս հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և կարևորել դրա հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը»,- նշված է գրառման մեջ:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և քննարկել մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հեռանկարները: