ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարտի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ՝ դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը և ընդգծելով, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հայտարարության մեջ նշված է. «Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:
Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին:
Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈՒ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետեւանքով, մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը:
Դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը:
Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»։