
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ 2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը, հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։
Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով:
Հանդիպման ավարտին, զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը: